Ի՞նչ համտեսել Շիրակի մարզում

Վերադառնալ

Ի՞նչ համտեսել Շիրակի մարզում

Որպես կանոն Հայաստանից զբոսաշրջիկներն ու ճանապարհորդները հեռանում են հուշանվերներով, զարդերով, համեմունքներով, բազմաթիվ դրական էմոցիաներով, ու, իհարկե, ձեռք բերված մի քանի ավել կիլոգրամներով։ Չէ՞ որ Հայաստանը ոչ միայն լեռների երկիր է՝ լի արկածներով ու բացահայտումներով, այլև համերի մի նոր ու մեծ աշխարհ է, որում համադրվում են արևելյան ու արևմտյան խոհանոցները։ 

Շիրակի խոհանոցի գաղտնիքները

Յուրաքանչյուր մարզ հայտնի է իր ավանդական ուտեստներով ու քաղցրեղենով։ Անգամ զարմանալի է, թե ինչպես այսքան փոքրիկ երկիրը կարող է իր մեջ ներառել այդքան տարբեր ու ինքնատիպ ավանդական տարածաշրջանային ուտեստներ։ Քեզ պետք է պարզապես անցնել բոլոր մարզերով ու փորձարկել բոլոր մարզային ուտեստները։ 

Եթե որոշել ես առաջինն այցելել Շիրակի մարզ, ապա նախ և առաջ քեզ սպասում է զարմանահրաշ Գյումրին, որը յուրաքանչյուր հայի մշակութային կենտրոնն է։ 

Գյումրին սահմանակից է Թուրքիային և Վրաստանին, ու այստեղ միշտ տեղակայված է եղել ռուսական բանակը։ Գյումրին ժամանակին անգամ պաշարվել է պարսկական և ռուսական կայսրությունների կողմից, ինչը արտացոլված է քաղաքի ճարտարապետության, ավանդույթների և խոհանոցի մեջ։ Շիրակի կլիման ցուրտ է, ինչը նշանակում է, որ ուտեստների մեջ նախապատվություն է տրվում մսային և տաք կերակուրներին։ 

Քյալլա

Շիրակի ամենայուրօրինակ և ավանդական ուտեստը քյալլան է՝ թոնրում պատրաստված կովի կամ ոչխարի գլուխը, որի համի յուրահատկությունը պայմանավորված է համեմունքներով ու բանջարեղենով։ Իսկ մատուցումն իսկական վայրի խնջույք է հիշեցնում, որտեղ դու քեզ կզգաս որպես միջնադարյան հերոս։ Քյալլան անսովոր տպավորիչ է ու համեղ։ 

Տոլմա

Տոլման ազգային ուտեստ է, որի շուրջ հավերժ վիճում են տարածաշրջանի բոլոր երկրները՝ ուտեստը համարելով հենց իրենցը։ Շիրակի մարզում կարող ես ամենաբուրումնավետ ու համեղ տոլման փորձել, որը պատրաստված է աղացած մսից՝ փաթաթված խաղողի երիտասարդ տերևների մեջ, ու մատուցվում է տնական մածունով։ 

Խաշ

Իսկ եթե պատրաստվում ես Շիրակի մարզ այցելել ձմռանը, ապա ուղղակի չես կարող բաց թողնել խաշի համտեսումը։ Սա ոչ թե ուղղակի ուտեստ է, այլ մի ամբողջ ծես։ Տավարի ոտքերը մանրակրկիտ մշակվում են, որոշ ժամանակ պահվում ջրի մեջ ու եփվում ողջ գիշեր։ Խնջույքը սկսվում է առավոտյան շատ վաղ։ Չես կարող միայնակ խաշ ուտել, քանի որ խաշի սեղանն անպայման պետք է բազմամարդ լինի՝ տնական մրգային օղիով, չոր լավաշով ու տարատեսակ համեմունքներով։ 

Կոլոլիկ

Հաջորդ ուտեստը, որ պետք է անպայման փորձես, կոլոլիկն է, որն ամեն մարզում այլ կերպ է պատրաստվում։ Կոլոլիկը հիմնական բաղադրիչը աղացած մսի ալյուրապատ գնդիկներն են, որոնք տապակվում են յուղի մեջ։ Շիրակյան կոլոլիկի առանձնահատկությունն այն է, որ տապակելուց հետո դրան ավելացնում են թարմ սոխ, լոլիկ, պղպեղ և տապակում են ջեռոցում ևս 15 րոպե։ Մնում է միայն ուտեստի վրա առատ կանաչեղեն լցնել ու համտեսել։ 

Փափկենի

Շիրակի մարզում հայտնի ուտեստներից շատերն են աղացած մսով պատրաստվում, ինչպես օրինակ՝ շիրակյան փափկենին, որը նույնպես շատ հագեցնող կերակուր է։ Ոչխարի աղացած մսին ավելացվում են սոխը, պղպեղը, դարչինն ու բրինձը։ Խառնուրդը բաժանվում է գնդիկների ու տապակվում յուղի մեջ։ Առանձին տապակվում է նաև կտրատված կարտոֆիլն ու մատուցվում արդեն պատրաստի մսի ու կանաչեղենի հետ։ 

Քուֆթա

Քուֆթան հայկական խոհանոցի հպարտությունն է։ Տավարի կամ հորթի փափկամիսը ժամեր շարունակ քարե տախտակի վրա հատուկ փայտե մուրճով ծեծվում է, մինչև դառնա միատարր զանգված։ Այստեղից էլ անունը՝ քարի քուֆթա։ Ու չնայած տեխնոլոգիաները թույլ են տալիս այժմ բլենդերով մշակել միսը, Շիրակի մարզի բազմաթիվ տնային տնտեսուհիներ նախընտրում են ձեռքով ծեծել միսը, որին հետո պետք է ավելացնել ընդամենը մի փոքր ջուր/կաթ և աղ։ Արդյունքում միսը պետք է ուղղակի բաժանել մեծ գնդերի ու խաշել աղած ջրի մեջ։ Իսկ մատուցել պետք է լավաշով, մարինացված վարունգով և կանաչեղենով։ Սա դարավոր ուտեստ է, որը հայկական խոհանոցի մասն է անհիշելի ժամանակներից։ 

Գաթա

Չես կարող այցլելել Շիրակի մարզ ու անմասն մնալ քաղցրեղենի սեղանից։ Չէ՞ որ այս տարածաշրջանում քաղցր գաթան ամենահայտնին ու համեղն է։ Գաթայի պատմությունը սկսվում է դեռ 13-րդ դարից, երբ աղանդերի մեջ պատրաստման ժամանակ մետաղադրամ էր դրվում, որը գտնողին մեծ հաջողություն էր խոստանում։ Բաղադրատոմսը չափազանց պարզ է, քանի որ գաթան կարող է պատրաստվել ինչպես շերտավոր, այնպես էլ այլ խմորից։ Իսկ միջուկի համար անհրաժեշտ է կարագ ու շաքարավազ՝ ընկույզով կամ առանց։ Քանի որ բաղադրիչները կարող են շատ տարբեր լինել, Հայաստանի ամեն անկյունում այս աղանդերի բազմազան համային տեսակներ կգտնես։ Այն ոչ թե ուղղակի քաղցրավենիք է այստեղ, այլ մանկության համն է, մայրական ջերմությունն ու տատիկի բարությունը։ Ու առհասարակ գաթան տան հարմարավետության, հոգատարության ու սիրո մասին է։ 

Հայաստանը քեզ զարմացնելու է, հիացնելու և մեծ հետք է թողելու քո հոգում։ Չէ՞ որ այստեղ բացարձակապես յուրաքանչյուրն է հյուրընկալ ու սրտաբաց՝ անկախ տարիքից, աշխատանքից ու սեռից։ Հայաստանը քեզ լիցքավորելու է անսահման էներգիայով, դրական զգացողություններով ու անմոռանալի հուշերով, որոնք ստիպելու են քեզ նորից վերադառնալ այս երկիր։

ԱՎԵԼԻՆ