Ինչո՞ւ այցելել Լոռու մարզ

Վերադառնալ

Ինչո՞ւ այցելել Լոռու մարզ

Փնտրո՞ւմ ես սուր զգացողություններ և առօրյայից հեռու ներքին հանգստություն։ Հայաստանի Լոռու մարզը քեզ է սպասում։ 

Ռաֆթինգ Հայաստանում

Լեռների ու ադրենալինի երկիր Հայաստանը էքստրիմ փնտրող ճանապարհորդների տունն է։ Այստեղ կարող ես անգամ ռաֆթինգով զբաղվել։ Տերմինն առաջացել է «raft» - լաստանավ բառից։ Սա հատուկ փչովի ռետինե նավակ է, որը կարող է տեղավորել չորսից մինչև քսան մարդ։ 

Ռաֆթինգը ջրի վրայով զվարճալի ճամփորդություններ կատարելու ամենայուրօրինակ ձևերից մեկն է։ Ու մյուս բոլոր էքստրեմալ սպորտաձևերի պես ռաֆթինգը ևս կյանքի ու առողջության որոշակի ռիսկ է պարունակում։ Այդ պատճառով էլ սպորտաձևով զբաղվող ցանկացողներին տրամադրվում են պրոֆեսիոնալ ուղեկցում և սարքավորումներ։ Եթե պահպանես անվտանգության կանոնները, ռաֆթինգը քո ամենասիրելի սպորտաձևերից մեկը կդառնա ինչպես ընկերների, այնպես էլ ընտանիքի հետ փորձարկելու համար։ 

Իսկ Լոռու մարզը ամենահամապատասխան տեղը կդառնա սպորտաձևով զբաղվողների համար։ Ընդամենը 12 կմ լեռների միջով հոսող Դեբեդ գետով, և յուրօրինակ ու անկրկնելի պահերն էլ երբեք չեն մոռացվի։ Ավելին, լեռների չքնաղ տեսարաններն ու գետից բխող էներգիան այնպիսի զգացմունքներ կփոխանցեն, որ անընդհատ կուզես վերադառնալ ընկերներիդ հետ միասին։ 

Լոռու վանական համալիրները

Հիմնականում հայերով բնակեցված Լոռու մարզը երկար տարիներ եղել է Վրաստանի կազմում։ Չնայած այդ հանգամանքին՝ սա թաթար-մոնղոլական տիրապետության տակ գտնվող այն քիչ շրջաններից էր, որտեղ քրիստոնեական հուշարձանների հանդեպ հարգանքը չէր կորչել, ինչի շնորհիվ էլ տեղի վանքերը լավ պահպանված են և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում:

Հայտնի վանական համալիրներն են Հաղպատը և Սանահինը, որոնք կառուցվել են 10-րդ դարում և եղել են հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններ։ 

Հաղպատը կազմված է մի քանի եկեղեցիներից և հարակից շենքերից, իսկ կառույցներից գլխավորը Սբ. Նշան եկեղեցին է, որը նաև հայկական միջնադարյան ճարտարապետության ամենակարևոր հուշակոթողներից է։ Համալիրը նաև հարուստ է խաչքարերով, որոնցից մեկը՝ Ամենափրկիչը, Հայաստանում ամենաճանաչվածներից է։ 

Սանահինը նույնպես կազմված է մի քանի եկեղեցիներից և շինություններից, որոնք Հայաստանի միջնադարյան ճարտարապետության հարստությունն են։ Համալիրի գլխավոր եկեղեցիներն են Սբ. Աստվածածինն ու Սբ. Ամենափրկիչը, որոնք հայկական միջնադարի դասական ճարտարապետության վառ օրինակներից են։ 

Եթե այցելես Լոռի, չմոռանաս նաև այցելել 10-րդ դարում կառուցված մեկ այլ վանական համալիր՝ Ախթալա։ Սա բնության մեջ հիանալի կերպով թաքնված անկյուն է, որն իր ճարտարապետությամբ ու ոճով ամբողջովին տարբերվում է տարածաշրջանի մյուս համալիրներից։ Պատճառն այն է, որ կառուցման ժամանակ վարպետները միախառնել են հայկական ու վրացական ճարտարապետության ոճերը։ Վանքը ոչ միայն կրոնական, այլև ռազմի պաշտպանական կառույց է։ Այդ մասին են վկայում ինչպես վանական համալիրի պաշտպանական ամրոցն, այնպես էլ բազմաքանակ ստորգետնյա թունելները։ Բացի այդ, այստեղ կարելի է տեսնել տեղի վանականների երկհարկանի կացարանն ու մեծ քանակությամբ փորագրված խաչքարեր։ Շինությունների ներքին պատերը զարդարված են ինքնատիպ ու նրբագեղ որմնանկարներով, որոնք մինչ օրս լավ պահպանված են։ 

Լոռի բերդ-ամրոցի պատմությունը

Ստեփանավան քաղաքից 4 կմ հեռու պահպանվել են Դավիթ թագավորի կառուցած երբեմնի վեհաշուք միջնադարյան Լոռի բերդ-ամրոցի ավերակները։ Բերդը Հայաստանի բազմաթիվ այլ միջնադարյան քաղաքների նման տխուր ճակատագիր է ունեցել։ 

1238 թվականին թաթար-մոնղոլական ավազակախմբերը գրավել ու կործանել են բերդը, ինչից հետո էլ դարերի ընթացքում ամրոցը պաշարվել է օտարերկրացիների կողմից։ Պաշարումների պատճառով տեղի բնակիչները աստիճանաբար լքել են բերդն, ու արդեն 18-րդ դարի վերջին ամրոցի տեղում միայն մի փոքր գյուղ է մնացել ողջ բնակչությունից։ 

Լոռի բերդի մոտ պարբերաբար պեղումներ են իրականացվում, իսկ զբոսաշրջիկներն ու պատմության սիրահարները գալիս են հիանալու անցյալի գտածոներով։ 

Էկոտուրիզմի օրրանը

Հայաստանը կարելի է սիրել տարբեր պատճառներով. սա երկիր է, որը գիտի՝ ինչպես զարմացնել, ոգեշնչել ու հիացնել։ Շատերն են Հայաստանը հրաշքների երկիր անվանում։ Այդպես էլ 1930 թվականին Հայաստան այցելած լեհ կենսաբան Էդմոն Լեոնովիչը սիրահարվեց երկրին ու որոշեց հենց այստեղ կյանքի կոչել իր վաղեմի երազանքը։ Ու այժմ Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռու, Արջասար լեռան 1550 մ բարձրության լանջին է գտնվում Սոճուտ արգելոցապարկային համալիրը։ 

Դենդրոպարկի տարածքը 35 հա է, որից 17,5-ը՝ բնական, իսկ 15-ը դեկորատիվ ծառեր են։ Տարիներ շարունակ աշխարհի տարբեր անկյուններից այստեղ են բերվել տարբեր բուսատեսակներ, կատարվել են գիտական փորձեր տարբեր կլիմայական պայմաններում բույսերի գոյատևման մեթոդները քննելու համար։ 

Դենդրոպարկում առկա բույսերի հավաքածուն ահռելի է։ Ու զարմանալի չէ, որ համալիրը բազմաթիվ գիտնականների ու էկոզբոսաշրջիկների է գրավում. սա հիանալի վայր է բուսաբանական ու կենդանաբանական էքսկուրսիաների, ընտանեկան հանգստի ու զբոսանքի համար։ Իսկ ամենալավն այն փաստն է, որ համալիրի մուտքն անվճար է, ու դու կարող ես անգամ գնել այն բույսերը, որոնք ցանկանում ես հետդ տանել։ 

Անհնար է չսիրել Հայաստանը, քանի որ սա բնության երկիր է։ Հզոր լեռներն ու գեղատեսիլ մարգագետինները, բարձր ջրվեժներն ու խոսուն գետերը, մաքուր օդն ու բերրի հողը, մարդածին հնագույն վանքերն ու ժամանակակից բարձրաձիգ շինությունները հակադրություններ են, որոնց շնորհիվ Հայաստանը դուրս է ժամանակից ու տարածությունից։ Պետք է միայն այցելել ու տեսնել։

ԱՎԵԼԻՆ