ԻՆՉՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Վերադառնալ

ԻՆՉՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Գիշերային ժամանց

Երևանն աշխույժ գիշերային կյանք սիրող քաղաք է, որտեղ կան բազմաթիվ փաբեր, բարեր ու ակումբներ: Ուղևորվիր Երևան, եթե սիրում ես որակյալ երաժշտություն ու մինչև արևածագ շարունակվող երեկույթներ: 

Երևանը արկածասերների մայրաքաղաք է անկախ նրանից՝ նախընտրում ես ջազ, թե էլեկտրոնային երաժշտություն, տեղական քրաֆթ գարեջուր, թե բուրումնավետ գինի, ավանդական համեր, թե գաստրո էքսպերիմենտներ: Այնպես որ, եթե ճանապարհորդությանդ ընթացքում լինելու ես Երևանում, անպայման այցելիր Malkhas Jazz Club, Dargett Brewpub, Simona Bar, Club 12, In Vino և այլ ժամանցի վայրեր: 

Ու եթե անգամ միայնակ ես, մի կաշկանդվիր, քանի որ Երևանում կհանդիպես երիտասարդների, ովքեր անմիջապես քեզ ընկեր կդառնան ու կներքաշեն արվեստի, երաժշտության, գրականության ու այլնի մասին հետաքրքիր բանավեճերի մեջ, որի միջոցով կծանոթանաս տեղական հատկանիշներին, հոգուն, համ ու հոտին: 

Էքստրեմալ սպորտ

Հայաստանը երկիր է իսկական արկածներ փնտրողների ու ադրենալին սիրողների համար: Այստեղ կարող ես գրավել լեռներ, բացահայտել անտառներում թաքնված գաղտնիքներ, երկինք հասնել ու գերազանցել ինքդ քեզ այնպես, ինչպես երբեք չես արել: 

Ճանաչված լինելով էքստրեմալ սպորտաձևերի բազմազանությամբ՝ Հայաստանն իր այցելուներին առաջարկում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է արտասովոր արձակուրդի համար: Արշավներից մինչև ժայռամագլցում, զիփլայն, քարանձավագնացություն, պարանով ցատկեր, սահք պարապլանով ու անգամ կիրճանցում․ Հայաստանն անմոռանալի փորձառությունների երկիր է: 

Ու հիշիր․ Հայաստանում էքստրեմալ սպորտով զբաղվելիս կարող ես հանդիպել խենթ ու գեղեցիկ մարդկանց, ովքեր կզարմացնեն քեզ իրենց անկեղծությամբ ու պատմություններով: Ուրեմն ի՞նչ: Ճամփորդելիս փնտրո՞ւմ ես ադրենալին ու ընկերներ: Հայաստանը քո երկիրն է: 

Արվեստ և արհեստ

Սիրո՞ւմ ես նոր բաներ սովորել ճամփորդելու ընթացքում: Ուրեմն հավաքիր իրերդ ու գտիր Հայաստանի մարզեր տանող ամենահարմար երթուղիները, քանի որ Հայաստանը արվեստի ու արհեստի երկիր է, որտեղ մարդիկ ոչ միայն հյուրընկալ են, այլև իսկական վարպետներ են: 

Երկրի մարզերում ավանդական արհեստների այնքան տարատեսակներ կան, որ հաստատ դու ինքդ էլ մի գործի վարպետ կդառնաս: Դասընթացների ընթացքում տեղի վարպետները քեզ հետաքրքիր մարտահրավերների առաջ կկանգնեցնեն, ու դու կսովորես գերազանցել քո հնարավորություններն ու նոր գիտելիք ձեռք բերել: Բացի այդ, արվեստի ու արհեստի վարպետության դասերը հիանալի միջոց են՝ նպաստելու հայկական մարզերի կայուն զարգացմանը: 

ԱՎԵԼԻՆ