Ի՞նչով զբաղվել Տավուշի մարզում

Վերադառնալ

Ի՞նչով զբաղվել Տավուշի մարզում

 

Տավուշը տարբերվում է Հայաստանի մյուս մարզերից գետերի և լճերի, լեռնային բարձունքների ու խիտ անտառների լիությամբ, ինչի շնորհիվ էլ գեղատեսիլ տարածաշրջանը գրավում է զբոսաշրջիկների ու ճանապարհորդների ուշադրությունը։ Լեռնամագլցումը, զբոսանքը դժվարանցանելի անտառներում, ինչպես նաև պարզկա լճերի ու ջինջ երկնքի համադրությունը մեծ հաճույք կարող են պատճառել յուրաքանչյուրին։ 

Իսկ եթե էքստրիմի սիրահար ես ու ադրենալին ես փնտրում, ապա հաստատ կուզես նաև գոնե մեկ անգամ բարձունքից հայացք նետել այնպիսի գեղեցկությանն, ինչպիսին միայն Տավուշի մարզում կգտնես։ 

Էքստրեմալ սպորտաձևերի տարածաշրջանը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղին մոտ գործում է զվարճանքների հսկայական այգի, որտեղ հնարավոր է զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով առանց հատուկ պատրաստության, բայց, իհարկե, պրոֆեսիոնալների հսկողության ներքո։ 

Այստեղ գործում է աշխարհի ամենաերկար զիփլայնը։ Դու կարող ես 200-300 մետր բարձրության վրա ճոպանով թռչելով անցնել մոտ մեկ կիլոմետր տարածություն հսկա ծառերի ու գեղատեսիլ կիրճերի վրայով։

Այստեղ կարող ես զբաղվել նաև պարապլաներիզմով։ Փորձառու օդաչուի ղեկավարությամբ պարապլանով կթռչես բարձրաձիգ լեռների ու կապուտակ Սևանա լճի վրայով, ինչպես նաև թռչնասլած բարձունքից կդիտես հնագույն ժամանակներից մնացած ժայռապատկերները։ 

Այգում կգտնես նաև ակտիվ հանգստի տարբեր զբաղմունքներ։ Կարող ես մեկնել արտաճանապարհային երթևեկության, մասնակցել թիմային փեյնթբոլի, տեղավորվել մեծ թափանցիկ գնդակի մեջ ու գլորվել, ինչպես նաև զբաղվել բազմաթիվ այլ էքստրեմալ սպորտաձևերով։ 

Արշավականների սիրելի հանգստավայրը

Տավուշի մարզում է գտնվում նաև աշխարհում հայտնի զբոսաշրջային քաղաք Դիլիջանը։ Սա Հայաստանի հեքիաթային անկյուններից է, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ ու ձևավորել առողջ մարմին և հոգի։ Դիլիջանը հարուստ է նաև հանքային աղբյուրներով, որոնք տեսնել է պետք։ Վստա՜հ եղիր՝ քո լիարժեք հանգիստն այստեղ երաշխավորված է լինելու։ 

Դիլիջանի բնությունը նաև արշավականների մասին է մտածել։ Կուսական անտառներում յուրաքանչյուրն իրեն կգտնի։ Իսկ եթե արշավորդ ես, ապա անպայման պետք է կանաչ արահետներով անցնես մի լեռնագագաթից մյուսը, որ ճանապարհին հանդիպես գունեղ մարգագետիններում արածող ձիերի ու եղջերուների։ 

Մեկ անգամ գաս Դիլիջան ու էլ չես մոռանա այս դարավոր ծառերով, բուժիչ ու օգտակար խոտաբույսերով հարուստ հրաշք աշխարհը, որը պետք է քայլելով բացահայտել։ Իսկ ընտրված ճանապարհի երկարությունը կախված է քո ցանկությունից և հանդուրժողականությունից։ Այստեղ կարող ես զբոսնել ինչպես մի քանի ժամ, այնպես էլ օրեր։ Կարող ես նաև համատեղել քայլարշավն ու սպորտը՝ ճանապարհն անցնելով հեծանիվով։ 

Չմոռանաս նաև անպայման գոնե մեկ անգամ քայլարշավի երթուղիներով անցնել դեպի տեղանքի երկու հայտնի լճերը՝ Պարզ և Գոշ։ Լճերն արտասովոր գեղեցկություն ունեն տարվա յուրաքանչյուր եղանակի։ Ու եթե նաև մշակույթի սիրահար ես, ապա պատմական վանքերում ու վանական համալիրներում կատարյալ լռության մեջ ամփոփված հանգիստ կգտնես։ Իսկ եթե քեզ պարզապես անհրաժեշտ են սուր զգացողություններ ու ադրենալինով լի արկածներ, Սառցապատ լեռան լանջին քեզ կսպասեն տեղի ժայռամագլցողները։ 

Բնության խորհրդավոր անկյունը

Դե ինչ, մտածո՞ւմ ես, որ արդեն ամեն ինչ գիտես Տավուշի մարզի մասին։ Ամենևին։ Էլ ի՞նչը կարող է զարմացնել այն անհատին, որը գիտի՝ ինչ է ուզում և ուր է գնում։ Դե իհարկե, հեքիաթը։ Ուրեմն բարի գալուստ Լաստիվեր, որի ճանապարհն անցնում է Խաչաղբյուրի կիրճով։ Հնում քարանձավ հասնելու համար մարդիկ լաստ հիշեցնող երկար սանդուղք են կառուցել գերանների միջոցով, ինչից էլ եկել է տեղանքի անվանումը։

Հասնելով հեքիաթային Լաստիվեր՝ կտեսնես ջրվեժներ, վերջերս կառուցված ծառատներ ու միջնադարյան քարանձավներ, որտեղ ժամանակին ապրել են ճգնավորները։ Վայրը իսկապես կախարդական է անկախ տարվա եղանակից։ 

Այստեղ կկարողանաս նաև զիփլայնով զբաղվել։ Իսկ դե արշավի վերջում դու կհայտնվես Խաչաղբյուր գետի մոտ, որտեղ ցանկության դեպքում կարող ես նաև լողալ։ 

Այս բոլոր բնական հրաշալիքները տեսնելիս գուցե դու էլ մտածես ինչպես բազմաթիվ ճամփորդողներ ու ասես, որ Տավուշը «Փոքր Շվեյցարիա է Հայաստանում»։ Սակայն եթե մի փոքր երկար պտտվես թավ բնության մեջ, վայելես տեղի մաքուր օդն ու հանդարտ մթնոլորտը, կհասկանաս՝ տավուշյան հեքիաթն աշխարհի էլ ոչ մի ուրիշ անկյունում չես կարող գտնել։ 

ԱՎԵԼԻՆ