ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ

Վերադառնալ

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ

Երթուղիներ դեպի Հայաստան

Հայաստան ճամփորդելու համար կա երեք հիմնական տարբերակ՝ կախված բյուջեից և նախասիրություններից: 

Եթե սիրում ես ճամփորդել օդային ճանապարհով, ընտրություն պետք է կատարես Երևանում գտնվող «Զվարթնոց» և Գյումրիում գտնվող «Շիրակ» օդանավակայանների միջև: Ցամաքային ճանապարհները նախընտրելու դեպքում կարող ես ճամփորդել գնացքով կամ ավտոբուսով: Գնացքներն անցնում են Երևանից Վրաստան ու հակառակ ուղղությամբ, ինչը հարմար է, եթե նախատեսում ես այցելել նաև Հարավային Կովկասի այլ երկրներ: Իսկ ավտոբուսները ճամփորդության ամենաէժան տարբերակն են՝ Ռուսաստան, Ղրիմ, Ուկրաինա, Իրան և Վրաստան տանող երթուղիներով: 

Մուտքի վիզա

Դեպի Հայաստան մուտքի վիզան պարտադիր է աշխարհի երկրների մեծ մասի քաղաքացիների համար: Այն կարելի է ձեռք բերել առցանց, տվյալ երկրում Հայաստանի դեսպանատան միջոցով, Զվարթնոց օդանավակայանում կամ ժամանման այլ սահմանային վերահսկողության կետերում: Զբոսաշրջիկը կարող է ձեռք բերել քսանմեկօրյա վիզա՝ լրացնելով վիզայի ստացման դիմում-հայտը և ձեռքի տակ ունենալով լուսանկար, առնվազն 4 ամսվա վավերականության ժամկետով անձնագրի բնօրինակ ու 3000 դրամի չափով վիզայի վճար: Լրացուցիչ մանրամասների համար կարող ես այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք, որտեղ առկա է տարբեր երկրների մուտքի արտոնագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն: 

Ազգային արժույթ

Հայաստանի ազգային արժույթը դրամն է: Թղթադրամները թողարկվում են 1000, 2000, 5000, 10000, 20000, 50000, 100000 անվանական արժեքներով, իսկ մետաղադրամները՝ 10, 20, 50, 100, 200 և 500 անվանական արժեքներով: Փոխարժեքների համար կարող ես այցելել ՀՀ կենտրոնական բանկի կայք: Այնուամենայնիվ, Երևանի խանութների ու հյուրանոցների մեծ մասն ընդունում են նաև կրեդիտային քարտեր: Բացի այդ, Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում առկա են արժույթի փոխանակման բազմաթիվ կետեր ու բանկեր, որտեղ կարելի է փոխանակել արտասահմանյան թղթադրամները: Սուպերմարկետների մեծ մասը նույնպես ունեն արժույթի փոխանակման կետեր:

ԱՎԵԼԻՆ